Հաճախ տրվող հարցեր

Հարց
Ո՞ր դեպքում է անձը ուղեգրվում բժշկասոցիալական փորձաքննության:
Պատ.
Հիվանդության, վնասվածքի կամ այլ վիճակների դեպքում, անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումներ իրականացնելուց հետո, եթե առաջացել է օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարում (ՀՀ կառավարության 13.06.2003 թ. N 780-Ն որոշման կետ 2, 4), իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաև բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո անձը ուղեգրվում է բժշկասոցիալական փորձաքննության:

Հարց
Ո՞վքեր են անձին ուղեգրում բժշկասոցիալական փորձաքննության:
Պատ.
Անձին բժշկասոցիալական փորձաքննության է ուղեգրում բժշկափորձագիտական հանձնաժողովը (ԲՓՀ)։ ԲՓՀ-ի առկայության դեպքում բուժող բժշկի (ընտանեկան բժիշկ, տեղամասային թերապևտ, նեղ մասնագետ) կողմից լրացվում է «անձի բժշկասոցիալական փորձաքննության ուղեգիր (Ձև N 088)» և ներկայացվում է բժշկափորձագիտական հանձնաժողովին,ուղեգիրը ստորագրվում է բուժող բժշկի, բժշկափորձագիտական հանձնաժողովի կողմից և վավերացվում տվյալ բժշկական հաստատության բժշկափորձագիտական հանձնաժողովի կնիքով: Հանձնաժողովի բացակայության դեպքում ուղեգրումն իրականացվում է բժշկական հաստատության տնօրենի և բուժող բժշկի կողմից:

Հարց
Ի՞նչ տվյալներ պետք է ընդգրկի անձի բժշկասոցիալական փորձաքննության ուղեգիրը:
Պատ.
Բժշկասոցիալական փորձաքննության ուղեգիրը իր մեջ ընդգրկում է անձնական տվյալներ, նշվում է մասնագիտությունը, պաշտոնը, զբաղմունքը, բժշկական հաստատության հսկողության տակ գտնվելու ժամանակը, ներկա հիվանդության պատմությունը (սկիզբը, զարգացումը, ընթացքը, սրացումները, իրականացված բուժկանխարգելիչ և բժշկական վերականգնողական միջոցառումները, դրանց արդյունքները): Բժշկասոցիալական փորձաքննության ուղարկելիս պետք է ներկայացնել նաև ընտանեկան բժշկի, թերապևտի, վիրաբույժի, նյարդաբանի և այլ մասնագետների օբյեկտիվ զննման, գործիքային, լաբորատոր-ախտորոշիչ հետազոտության տվյալները: Լրացվում է հիմնական հիվանդությունը (կլինիկական բնութագիրն ըստ ընդունված հիվանդությունների միջազգային 10-րդ դասակարգչի), օրգանիզմի ֆունկցիայի խանգարման տեսակը և արտահայտվածության աստիճանը, որից հետո գրվում է ուղեգրման նպատակը և հիմնավորումը:

Հարց
Ո՞ր մարմիններն են իրավասու անձի հաշմանդամությունը ճանաչելու:
Պատ.
Բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնում և անձի հաշմանդամությունը ճանաչում են ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը՝ վերափորձաքննության բաժինը և տարածքային մարմինները` բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները:

Հարց
Ի՞նչ է անհրաժեշտ բժշկասոցիալական փորձաքննություն անցնելու համար։
Պատ.
Կրկնակի փորձաքննություն անցնելու համար դեպքում բժշկասոցիալական փորձաքննության ուղեգիր անհրաժեշտ չէ, դիմումին կցվում են հիվանդության, վնասվածքի հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումով պայմանավորված առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթեր, իսկ առաջին անգամ դիմելու դեպքում նաև բժշկասոցիալական փորձաքննության ուղեգիրը /088 ձևը/, անձնագիր կամ նույնականացման քարտ: Եթե դիմումը ներկայացնում է ոչ թե հաշմանդամություն ունեցող անձը, այլ նրա ներկայացուցիչը, ապա նա պետք է ներկայացնի նաև իր անձնագիրը կամ նույնականացման քարտը:

Հարց
Ի՞նչպես է անձին կամ նրա ներկայացուցչին տեղեկացվում բժշկասոցիալական փորձաքննության օրվա, վայրի և ժամի մասին:
Պատ.
Հանձնաժողովի նախագահը անձին կամ նրա ներկայացուցչին պատշաճ ձևով (գրավոր առձեռն) ծանուցում է փորձաքննության օրվա, վայրի և ժամի մասին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի սահմանած` համալիր (ինտեգրված) սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի առկայության դեպքում անձը կամ նրա ներկայացուցիչը դիմումն առձեռն կարող է ներկայացնել տվյալ կենտրոնի ընդունարան, որտեղ ևս (գրավոր առձեռն) կծանուցվի: Եթե անձը դիմումը ներկայացրել է էլեկտրոնային տարբերակով, ապա կտեղեկացվի առցանց ծանուցմամբ:

Հարց
Ո՞ր դեպքերում է ճանաչվում անձի հաշմանդամությունը:
Պատ.
Անձի հաշմանդամությունը ճանաչվում է հիվանդությամբ, վնասվածքով կամ այլ ախտաբանական վիճակներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման դեպքում, որը հանգեցրել է կենսագործունեության որևէ տեսակի որևէ աստիճանի սահմանափակման (մեկի կամ դրանց զուգորդման):

Հարց
Ի՞նչ է անձի կենսագործունեության սահմանափակումը:
Պատ.
Անձի ինքնասպասարկման ապահովման ունակության, ինքնուրույն տեղաշարժվելու, կողմնորոշվելու, հաղորդակցվելու, սեփական վարքը հսկելու, ուսումնառելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու (երեխաների համար՝ նաև խաղալու) կարողությունների կամ հնարավորությունների լրիվ կամ մասնակի կորուստ (ներառյալ աջակցող սարքերի անհրաժեշտությունը, որոնք թվարկված են ՎԱԾ-ում) և այլ օժանդակ պարագաների օգտագործմամբ տեղաշարժվելը, տեսնելը, լսելը և (կամ) խոսելը:

Հարց
Որո՞նք են անձի կենսագործունեության սահմանափակման տեսակները:
Պատ.
ա) ինքնասպասարկման` ամենօրյա անձնական հիգիենան ու կենցաղային գործունեությունն ինքնուրույն բավարարելու կարողություն, բ) ինքնուրույն տեղաշարժվելու` ինքնուրույն տարածության մեջ տեղափոխվելու, խոչընդոտներ հաղթահարելու, քայլելու, վազելու, մարմնի հավասարակշռությունը պահելու, տեղաշարժվելու կարողություն, գ) ուսումնառության՝ հանրակրթական, մասնագիտական և այլ գիտելիքների ընկալման ու վերարտադրության կարողություն, դ) աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն՝ աշխատանքի բովանդակության, ծավալի և կատարման պայմանների պահանջներին համապատասխան գործունեության իրականացման կարողություն, ե) ժամանակի և տարածության մեջ կողմնորոշվելու կարողություն, զ) հաղորդակցվելու կարողություն՝ տեղեկատվության ընկալման, վերամշակման և փոխանցման միջոցով մարդկանց միջև կապ հաստատելու ունակություն, է) սեփական վարքը հսկելու կարողություն՝ բարոյաէթիկական և սոցիալ-իրավական նորմերից ելնելով ինքնաճանաչման և համապատասխան վարքի դրսևորման կարողություն, ը) խաղալու կարողություն՝ խաղի ընդունակություն, որի շնորհիվ ի հայտ է գալիս արտաքին աշխարհի հետ երեխայի հաղորդակցվելու կարիքը, ձևավորվում և զարգանում են ինտելեկտուալ, ֆիզիկական, բարոյական ու կամային հատկանիշներ, աշխատանքային և այլ ունակությունների տարրեր (տարիքային նորմերին համապատասխան):

Հարց
Որո՞նք են ինքնասպասարկման ապահովման ունակության և տեղաշարժվելու կարողության կենսագործունեության սահմանափակումների աստիճանները:
Պատ.
Ինքնասպասարկման ապահովման ունակության սահմանափակումներն են՝ 1-ին աստիճան՝ օժանդակ միջոցների օգտագործմամբ ինքնասպասարկման ապահովման ունակություն. 2-րդ աստիճան՝ օժանդակ միջոցների օգտագործմամբ և այլ անձանց մասնակի օգնությամբ ինքնասպասարկման ապահովման ունակություն. 3-րդ աստիճան՝ ինքնասպասարկման ապահովման ունակության անկարողություն և այլ անձանցից լիակատար կախվածություն։ Տեղաշարժվելու կարողության սահմանափակումներն են՝ 1-ին աստիճան՝ ինքնուրույն տեղաշարժվելու կարողություն՝ առավել երկարատև ժամանակի ծախսումով, ընդհատումներով և տարածության կրճատմամբ, օժանդակ միջոցների օգտագործմամբ. 2-րդ աստիճան՝ ինքնուրույն տեղաշարժվելու կարողություն՝ օժանդակ միջոցների օգտագործմամբ և այլ անձանց մասնակի օգնությամբ. 3-րդ աստիճան՝ ինքնուրույն տեղաշարժվելու անկարողություն և այլ անձանցից լիակատար կախվածություն:

Հարց
Կենսագործունեության սահմանափակման ո՞ր տեսակների և աստիճանների դեպքում է անձը ճանաչվում առաջին խմբի հաշմանդամություն ունեցող:
Պատ.
Հաշմանդամության առաջին խումբ սահմանվում է կենսագործունեության հետևյալ տեսակներից որևէ մեկի սահմանափակման կամ դրանց զուգորդման դեպքում՝ • ինքնասպասարկման ապահովման 3-րդ աստիճանի ունակություն, • տեղաշարժվելու 3-րդ աստիճանի կարողություն, • կողմնորոշվելու 3-րդ աստիճանի կարողություն, • հաղորդակցվելու 3-րդ աստիճանի կարողություն, • սեփական վարքը հսկելու 3-րդ աստիճանի կարողություն (բացի աշխատանքային և ուսումնառության կարողություններից):

Հարց
Կենսագործունեության սահմանափակման ո՞ր տեսակների և աստիճանների դեպքում է անձը ճանաչվում երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող:
Պատ.
Հաշմանդամության երկրորդ խումբ սահմանվում է կենսագործունեության հետևյալ տեսակներից որևէ մեկի սահմանափակման կամ դրանց զուգորդման դեպքում՝ • ինքնասպասարկման ապահովման 2-րդ աստիճանի ունակություն, • տեղաշարժվելու 2-րդ աստիճանի կարողություն, • աշխատանքային գործունեությամբ զբաղվելու 3-րդ և 2-րդ աստիճանների կարողություն, • ուսումնառության 3-րդ և 2-րդ աստիճանների կարողություն, • կողմնորոշվելու 2-րդ աստիճանի կարողություն, • հաղորդակցվելու 2-րդ աստիճանի կարողություն, • սեփական վարքը հսկելու 2-րդ աստիճանի կարողություն։ Ուսումնառության 2-րդ և 3-րդ աստիճանների կարողության սահմանափակումները կարող են հաշմանդամության 2-րդ խմբի որոշման համար հիմք հանդիսանալ կենսագործունեության մեկ կամ մի քանի այլ տեսակների սահմանափակման զուգակցման դեպքում՝ բացառությամբ սովորողների, որոնց մոտ ուսումնառության միայն 2-րդ և 3-րդ աստիճանների կարողության սահմանափակումները կարող են պայմանավորել հաշմանդամության 2-րդ խմբի որոշման անհրաժեշտությունը:

Հարց
Կենսագործունեության սահմանափակման ո՞ր տեսակների և աստիճանների դեպքում է անձը ճանաչվում երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող:
Պատ.
Հաշմանդամության երրորդ խումբ սահմանվում է կենսագործունեության հետևյալ տեսակներից որևէ մեկի սահմանափակման կամ դրանց զուգորդման դեպքում՝ • ինքնասպասարկման ապահովման 1-ին աստիճանի ունակություն, • տեղաշարժվելու 1-ին աստիճանի կարողություն, • աշխատանքային գործունեությամբ զբաղվելու 1-ին աստիճանի կարողություն, • ուսումնառության 1-ին աստիճանի կարողություն, • կողմնորոշվելու 1-ին աստիճանի կարողություն, • հաղորդակցվելու 1-ին աստիճանի կարողություն, • սեփական վարքը հսկելու 1-ին աստիճանի կարողություն։ Հաղորդակցվելու կամ ուսումնառության կարողությունների սահմանափակումը կարող է հաշմանդամության 3-րդ խմբի որոշման համար հիմք հանդիսանալ առավելապես կենսագործունեության մեկ կամ մի քանի այլ տեսակների սահմանափակումների զուգակցման դեպքում:

Հարց
Ո՞ր դեպքերում է հաշմանդամության խումբը սահմանվում անժամկետ:
Պատ.
1) օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց (ՀՀ կառավարության 13.06.2003թ. N 780-Ն որոշման 31ա կետ), 2) վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության, հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական անբավարարության վերացման կամ նվազեցման անհնարինության դեպքերում (ՀՀ կառավարության 13.06.2003թ. N 780-Ն որոշման 31բ կետ), 3) իրականացված վերականգնողական միջոցառումների անարդյունավետության դեպքում (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում, իսկ 2 և 4 տարի դիտման պայմաններում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 13.06.2003թ. N 780-Ն որոշմամբ հաստատված կարգի NN 2 և 3 հավելվածների) (ՀՀ կառավարության 13.06.2003թ. N 780-Ն որոշման 31գ կետ), 4) մեկ ակնագնդի կամ մեկ աչքի տեսողության անվերադարձ բացակայության դեպքում (ՀՀ կառավարության 13.06.2003թ. N 780-Ն որոշման 31դ կետ):

Հարց
Հաշմանդամության ի՞նչ խումբ Է սահմանվում մինչև 18 տարեկան երեխաներին և 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց, ի՞նչ ժամկետներում:
Պատ.
Մինչև 18 տարեկան երեխաներին սահմանվում է «հաշմանդամ երեխա» կարգավիճակ, իսկ 18-ից բարձր անձանց՝ հաշմանդամության 1-ին, 2-րդ կամ 3-րդ խումբ: «Հաշմանդամ երեխա» կարգավիճակ սահմանվում է 2 տարի ժամկետով կամ մինչև 18 տարեկան դառնալը, հաշմանդամության 1-ին խումբ սահմանվում է 2 տարի ժամկետով կամ անժամկետ, իսկ հաշմանդամության 2-րդ և 3-րդ խմբերը սահմանվում են մեկ տարի ժամկետով կամ անժամկետ:

Հարց
Ինչպե՞ս է իրականացվում մինչև 18 տարեկան երեխաների բժշկասոցիալական փորձաքննությունը:
Պատ.
Բժշկական հաստատություններում, որտեղ սպասարկում են մինչև 18 տարեկան երեխաներին, բժշկասոցիալական փորձաքննության ուղեգիրը /088-1 ձևը/ լրացնելուց հետո, ուղեգիրը դիմումի հետ ներկայացվում է մարզերի տարածքը սպասարկող բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին /ԲՍՓՀ/, Երևան քաղաքում՝ մանկական մասնագիտացված ԲՍՓՀ-ին, իսկ հոգեկան հիվանդություններով տառապող երեխաների դեպքում՝ հոգեբուժական մասնագիտացված ԲՍՓՀ-ին: Մինչև 16 տարեկան երեխաների համար ներկայացվում է ծննդյան վկայականը, ծնողներից մեկի կամ խնամակալի (հոգաբարձուի) անձնագիրը կամ նույնականացման քարտը և դիմում (լրացնում է ծնողը կամ խնամակալը)։ 16-18 տարեկանները դիմումը գրում են անձամբ` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:

Հարց
Ինչպե՞ս է իրականացվում անձի բժշկասոցիալական փորձաքննությունը, եթե անձն իր առողջական վիճակից ելնելով չի կարող ներկայանալ տարածքային մարմին:
Պատ.
ԲՍՓ հանձնաժողովն անձի բժշկասոցիալական փորձաքննությունը կարող է իրականացնել անձի գտնվելու վայրում (բնակության վայր կամ հիվանդանոց), եթե անձը կամ նրա ներկայացուցիչը դրա մասին նշել են դիմումում: Բժշկասոցիալական փորձաքննությունը իրականացող հանձնաժողովը այցելում է անձին, իրականացվում է փորձաքննություն և կայացնում փորձաքննական որոշում:

Հարց
Եթե հաշմանդամությանս ժամկետը լրացել է և ես գտնվում եմ այլ երկրում, ինչպե՞ս կարող է իրականացվել իմ բժշկասոցիալական փորձաքննությունը (Հայաստանի Հանրապետությունում ո՞ր դեպքում է իրականացվում հեռակա փորձաքննություն):
Պատ.
Եթե հաշմանդամություն ունեցող անձը բուժման նպատակով գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, ապա նրա բժշկասոցիալական փորձաքննությունը անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի համաձայն իրականացվում է հեռակա` բժշկասոցիալական փորձաքննության նախկին փաստաթղթերի և այն բժշկական կազմակերպության տրամադրած փաստաթղթերի հիման վրա, որտեղ անձը բուժում է ստանում: Հեռակա փորձաքննությունն իրականացվում է մեկ անգամ և հաշմանդամությունը անժամկետ չի սահմանվում (ՀՀ կառավարության 02.03.2006թ. N 276-Ն որոշման կետեր՝ 11; 11.1 և 11.2):

Հարց
Ե՞րբ և ու՞մ կողմից է կազմվում հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագիրը (ՎԱԾ).
Պատ.
Անձի հաշմանդամությունը ճանաչելու դեպքում հանձնաժողովի կողմից եռօրյա ժամկետում կազմվում է անձի վերականգնողական անհատական ծրագիր, որը հաստատում է հանձնաժողովի նախագահը: Վերականգնողական անհատական ծրագիրը վարչական ակտի (բժշկասոցիալական փորձաքննական որոշման) հետ օրենքով սահմանված կարգով հանձնվում է հաշմանդամություն ունեցող անձին կամ նրա ներկայացուցչին:

Հարց
Ո՞ր դեպքերում են բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմիններն իրավասու անձին լրացուցիչ հետազոտման ուղեգրելու:
Պատ.
Երբ անձի նկատմամբ ԲՍՓ հանձնաժողովը իր դիմումի համաձայն հարուցել է վարչական վարույթ և փորձաքննական որոշում կայացնելու համար անհրաժեշտ է 1)ախտորոշման ճշտում, 2) հետազոտման հատուկ մեթոդների կիրառում պահանջող քննություն դեպքում, 3) ներկայացված բժշկական հիմքերի հավաստիությունը ճշտելու, Նշված դեպքերում, ինչպես նաև անհրաժեշտ կամ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար հանձնաժողովը կազմում է լրացուցիչ հետազոտման ծրագիր, որը հաստատում է հանձնաժողովի նախագահը և դրա մասին տեղեկացնում անձին կամ նրա ներկայացուցչին (ՀՀ կառավարության 02.03.2006թ. N 276-Ն որոշման կետ 18):

Հարց
Ո՞ր դեպքերում է իրականացվում անձի բժշկասոցիալական վերափորձաքննությունը:
Պատ.
1) անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա` հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, 2) անձի առողջական վիճակը վատթարանալու, 3) օրգանիզմի ֆունկցիայի վերականգնման, 4) բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ (ԲՍՓ գործակալություն), փորձաքննական որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերելու կամ հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքում, 5) դատարանի որոշման կամ վճռի հիման վրա: (ՀՀ կառավարության 02.03.2006թ. N 276-Ն որոշման կետ 29):

Հարց
Ի՞նչ կարգով են բողոքարկվում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների կողմից ընդունված որոշումները:
Պատ.
Բժշկասոցիալական փորձաքննության որոշումները կարող են բողոքարկվել վարչական և դատական կարգով: Անձը կարող է ԲՍՓ հանձնաժողովի ընդունած փորձաքննական որոշումն օրենքով սահմանված ժամկետում (վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում) բողոքարկել գործակալության պետին, ում հանձնարարությամբ էլ վերափորձաքննություն է իրականացվում։ Վերափորձաքննության արդյունքում համապատասխան ստորաբաժանումը՝ ԲՍՓ գործակալության Վերափորձաքննության բաժինն ընդունում է փորձաքննական որոշում, փոփոխվում է տարածքային մարմնի որոշումը, կամ տարածքային մարմնի որոշումը թողնվում է անփոփոխ:

Հարց
Կարո՞ղ է արդյոք անձը վարչական դատարան դիմելուց հետո վերափորձաքննության նպատակով կրկին դիմել տարածքային մարմին:
Պատ.
Եթե աձը դիմել է ՀՀ վարչական դատարան և նրա հայցն ընդդեմ ՀՀ ԲՍՓ գործակալության մերժվել է, ապա նա չի կարող նորից դիմում ներկայացնել ԲՍՓ հանձնաժողով և ենթարկվել վերափորձաքննության, քանի որ միևնույն անձի, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով ուժի մեջ մտած վարչական կամ դատական ակտի առկայության դեպքում վարչական վարույթը կարճվում է, իսկ անձի առողջական վիճակը վատթարանալու դեպքում, համաձայն ՀՀ կառավարության 02.03.2006թ. N 276-Ն որոշման կետ 29-ի, նա կարող է կրկին դիմել ՀՀ ԲՍՓ գործակալության տարածքային մարմին վերափորձաքննության:

Հարց
Ի՞նչ որոշում է ընդունում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը, եթե փորձաքննության օրվա, վայրի և ժամի մասին պատշաճ ձևով իրազեկված անձը չի ներկայացել բժշկասոցիալական փորձաքննության:
Պատ.
Վարչական վարույթը կասեցվում է, և անձը երեք աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով (պատվիրված նամակով իրազեկվում է կասեցման մասին: Կասեցման հիմքերի վերանալու (հիվանդի ներկայանալու) դեպքում վարույթը վերսկսվում է, իսկ կասեցման հիմքերի չվերանալու դեպքում վարույթը կարճվում է (հիմք՝ ՀՀ կառավարության 02.03.2006թ. N 276-Ն որոշման կետ 26ա ): Կասեցման հիմք է նաև երբ անձի նկատմամբ ԲՍՓ հանձնաժողովը ախտորոշման ճշտման, հետազոտման հատուկ մեթոդների կիրառում պահանջող դեպքերի, ներկայացված բժշկական հիմքերի հավաստիությունը ճշտելու, անհրաժեշտ կամ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կազմում է լրացուցիչ հետազոտման ծրագիր, որը հաստատում է հանձնաժողովի նախագահը և դրա մասին տեղեկացնում անձին կամ նրա ներկայացուցչին և լրացուցիչ հետազոտությունից չներկայանալու պատճառով վարչական վարույթը կասեցվում է օրենքով սահմանված կարգով և ժամկետներում (ՀՀ կառավարության 02.03.2006թ. N 276-Ն որոշման կետեր 18, 19):

Հարց
Արդյո՞ք զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված լինելու հանգամանքը կարող է հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու համար հիմք հանդիսանալ:
Պատ.
Անձը կարող է հիվանդության կամ վնասվածքի պատճառով ազատվել զինծառայությունից, սակայն հաշմանդամ չճանաչվել, եթե նրա մոտ առկա չէ հիվանդության, վնասվածքի հետևանքով առաջացած օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարում, որը հանգեցրել է կենսագործունեության որևէ տեսակի և որևէ աստիճանի սահմանափակման:

Հարց
Ի՞նչ է հաշմանդամության պատճառական կապը, և ինչու՞ է դա անհրաժեշտ նշել։
Պատ.
Հաշմանդամության պատճառական կապերը սահմանված են ՀՀ օրենսդրությամբ և տրված են ձևակերպումներ: (ՀՀ կառավարության 12 ապրիլի 2018 թվականի N 405-Ն որոշման կետ 98՝ Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը, հաշմանդամության պատճառական կապը որոշելիս, ընդունում է այն ձևակերպումը, որն արձանագրված է ԿՌԲՀ-ի եզրակացության մեջ և իրավասու չէ փոփոխելու դրանում նշված հիմքը, եթե հաշմանդամության են հանգեցրել նշված հիվանդությունը, վնասվածքը կամ խեղումը, ինչպես նաև դրանց բարդությունները) Համապատասխան պատճառական կապով որևիցե աստիճանի կենսագործունեության սահմանափակման հայտնաբերման դեպքում տվյալ անձի հաշմանդամությունը ճանաչվում է և հաշմանդամության պատճառական կապը նշվում է տվյալ ձևակերպումով։ Ըստ նշված պատճառական կապերի հաշմանդամություն ունեցող անձը օրենսդրորեն սահմանված հաշմանդամության կենսաթոշակ է ստանում և տվյալ պատճառական կապին համապատասխան արտոնություններ է ձեռք բերում:

Հարց
Եթե արդեն ուղեգիր ունեմ պոլիկլինիկայից, արդյոք դա չի՞ նշանակում, որ ԲՍՓ հանձնաժողովը պարտավոր է ճանաչել իմ հաշմանդամությունը։
Պատ.
Պոլիկլինիկայից բժշկասոցիալական փորձաքննության ուղեգիր ունենալը պարտադիր պայման չէ Ձեր հաշմանդամությունը ճանաչելու համար, քանի որ փորձաքննությունն իրականացվում է ոչ միայն ներկայացրած ուղեգրում նշված բժշկական տվյալները ուսումնասիրելու համար։ Հանձնաժողովների բժիշկ-փորձագետներն իրականացնում են օբյեկտիվ զննում, ձևակերպում են կլինիկո-փորձագիտական ախտորոշումը և ՀՀ կառավարության 13.06.2003թ. N 780-Ն որոշման համաձայն ընդունում են վարչական ակտ՝ անձի հաշմանդամությունը ճանաչելու կամ մերժելու վերաբերյալ:

Հարց
Պոլիկլինիկան կարո՞ղ է մերժել ինձ և ուղեգիր չտրամադրել։
Պատ.
Ըստ համատեղ հրամանի բժշկական հաստատությունները բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրում կատարում են հետևյալ դեպքերում՝ • Հիվանդության, վնասվածքի կամ այլ վիճակների հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն կամ տևական խանգարման առկայության դեպքում: • Տևական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաև բուժման ընթացքում:Եթե առկա է հիվանդություն, սակայն այն ենթակա է բուժման, կամ եթե այդ հիվանդությունը Ձեզ մոտ չի առաջացրել օրգանիզմի որևէ ֆունկցիայի կայուն չափավոր կամ տևական խանգարում, պոլիկլինիկան կարող է մերժել Ձեզ և չուղեգրել փորձաքննության: (ՀՀ կառավարության 13.06.2003թ. N 780-Ն որոշման կետեր 2 և 4՝ անձի օրգանիզմի հիմնական ֆունկցիաների դասակարգումը և արտահայտվածության աստիճանը):

Հարց
Եթե իմ հաշմանդամությունն ակնհայտ է, օրինակ՝ դժվարանում եմ քայլել կամ չեմ լսում, ինչու՞ պետք է դիմեմ գործակալություն։ Ինչու՞ է անհրաժեշտ, որ որևէ մարմին ճանաչի այն խնդիրը, որն ունեմ։
Պատ.
Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքների և կառավարության որոշումների հիման վրա հաշմանդամության ճանաչման գործառույթը կարող են կատարել միայն ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմինները և վերափորձաքննության բաժինը: Տվյալ մարմինները պետք է ճանաչեն Ձեր հաշմանդամությունը, տրամադրեն սահմանված կարգի փաստաթուղթ, որի հիման վրա կկարողանաք ստանալ օրենսդրորեն սահմանված սոցիալական պաշտպանության համապատասխան ձևերը և արտոնությունները: Դրանք են՝ • օգտվել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային ու արտահիվանդանոցային ծառայություններից. • հաշմանդամության 1-ին և 2-րդ խմբի անձանց հիվանդության դեպքում դեղերը տրվում են անվճար, իսկ 3-րդ խմբի անձանց՝ 50 % զեղչով. • ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած հաշմանդամություն ունեցող անձը այլ հավասար պայմանների դեպքում օգտվում է պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու առաջնահերթ իրավունքից. • ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցողներն ու «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձինք ընդունվում են պետական բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ անվճար` վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում. • 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողների համար սահմանվում է աշխատաժամերի կրճատված տևողություն` շաբաթական 36 ժամից ոչ ավելի. • տեղաշարժման խնդիր ունեցող հաշմանդամություն ունեցող անձինք կամ նրանց խնամակալները կարող են օգտվել անվճար ավտոկայանատեղիներից. • հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում են հրատապ օգնություններ, • հաշմանդամություն ունեցողների համար սահմանվում են անապահովության բարձր միավորներ:)

Հարց
Ի՞նչ է վերականգնողական անհատական ծրագիրը (ՎԱԾ)։
Պատ.
ՎԱԾ-ը (վերականգնողական անհատական ծրագիրը) սահմանված կարգով հաստատված, լրացման համար անհրաժեշտ դաշտեր պարունակող փաստաթուղթ է, որի համաձայն իրականացվում է հաշմանդամություն ունեցող անձի բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնումը:

Հարց
Կարո՞ղ եմ արդյոք չհամաձայնել ՎԱԾ-ի հետ։
Պատ.
Այո, Դուք իրավունք ունեք չհամաձայնելու ՎԱԾ-ում ներառված որևէ ծրագրի (բժշկական, մասնագիտական (աշխատանքային), սոցիալական) կամ դրանցում ընդգրկված որևէ միջոցառման իրականացման հետ։

Հարց
Կարո՞ղ եմ արդյոք հրաժարվել ՎԱԾ-ից։
Պատ.
Այո, հաշմանդամություն ունեցող անձի համար ՎԱԾ-ն ունի երաշխավորական բնույթ: Հաշմանդամություն ունեցող անձն իրավունք ունի հրաժարվելու ինչպես ՎԱԾ-ի իրականացումից ամբողջությամբ, այնպես էլ որևէ առանձին ծրագրից:

Հարց
Եթե իմ հաշմանդամությունը ճանաչվել է տարիներ առաջ, և ես չունեմ ՎԱԾ, ի՞նչ պետք է անեմ այն ստանալու համար։
Պատ.
Պետք է գրավոր դիմում ներկայացնեք Ձեր տարածքը սպասարկող ԲՍՓՀ՝ ՎԱԾ կազմելու նպատակով: Հանձնաժողովը Ձեզ կամ Ձեր ներկայացուցչին թղթային տարբերակով, առձեռն հանձնում է ՎԱԾ-ն այն կազմելուց հետո եռօրյա ժամկետում։ Եթե 1) որևէ հիմնավոր պատճառով առձեռն հանձնելու հնարավորություն չկա, 2) Դուք եք խնդրել օգտագործել հանձնման այլ միջոցներ, 3) չեք ներկայացել ՎԱԾ-ն առձեռն ստանալու համար, նշված ժամկետում ՎԱԾ-ը Ձեզ կամ Ձեր ներկայացուցչին ուղարկվում է փոստային կապի միջոցով՝ պատվիրված նամակով, ստանալու մասին ծանուցմամբ կամ օրենքով սահմանված այլ եղանակներով:

Հարց
Արդյո՞ք միայն հաշմանդամության ճանաչման դեպքում կարող եմ սայլակ կամ այլ պարագաներ ստանալու իրավունք ունենալ։
Պատ.
Սայլակ կարող եք ստանալ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում, ինչպես նաև սահմանված կարգի ցուցումների դեպքում (համաձայն՝ «Հաշմանդամին սայլակ հատկացնելու ցուցումների ցանկը հաստատելու մասին ՀՀ ԱՍՀ նախարարի 12.04.2005թ. N 45-Ա/1 հրաման»-ի): Իսկ այլ պարագաներ,( որոնք թվարկված են ՎԱԾ-ում, ինչպես նաև կրծքագեղձի պրոթեզը, որը տրամադրվում է նաև սոցիալապես անապահով կանանց ) կարող եq ստանալ, ինչպես հաշմանդամ ճանաչվելու, այնպես էլ եթե՝ • ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված՝ ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքի անդամ եք: • Հայրենական մեծ պատերազմի մասնակից և նրանց հավասարեցված անձ եք: • ՀՀ պաշտպանության մարտական գործողություն¬ներին մասնակցելու ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատա¬րելիս զոհված զինծառայողների ընտանիքի անդամ եք: • Երեխա եք (անկախ հաշմանդամություն ունենալու կամ սոցիալապես անապահով լինելու հանգամանքից):

Հարց
Փորձաքննության ժամանակ գործակալությունն ապահովու՞մ է ժեստերի լեզվի թարգմանություն լսողության խնդիր ունեցողների համար ։
Պատ.
Ոչ, ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը նման ծառայություն չունի:

Հարց
Կա՞ որևէ սահմանված վճար փորձաքննության իրականացման համար։
Պատ.
Ոչ, բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է անվճար:

Հարց
Եթե հաշմանդամությանս ժամկետը լրացել է, ի՞նչ է պետք անել։
Պատ.
Պետք է բժշկասոցիալական փորձաքննության դիմում ներկայացնել տարածքը սպասարկող ԲՍՓՀ՝ կցելով հիվանդության, վնասվածքի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը։

Հարց
Արդյո՞ք պետք է վճարեմ տնային պայմաններում կամ հեռակա փորձաքննություն անցնելու համար։
Պատ.
Ոչ, տնային պայմաններում, հեռակա, առհասարակ բոլոր տեսակի բժշկասոցիալական փորձաքննություններն իրականացվում են անվճար:

Հարց
Կարո՞ղ եմ արդյոք հեռակա ներկայացնել դիմումս փորձաքննության համար։
Պատ.
Կարող եք Ձեր դիմումը ներկայացնել փոստային առաքումով կամ էլեկտրոնային տարբերակով, առձեռն կամ ներկայացուցչի միջոցով:

Հարց
Ո՞վ կարող է մասնակցել իմ փորձաքննությանը։
Պատ.
Բժշկասոցիալական փորձաքննությանը որպես ներկայացուցիչ կարող են մասնակցել Ձեր կողմից առաջարկված բուժող բժիշկները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ դիտորդի կարգավիճակով:

Հարց
Եթե իմ հաշմանդամությունը չի ճանաչվում, նշանակու՞մ է արդյոք, որ ես այլևս չեմ կարող անվճար ծառայություններից օգտվել։
Պատ.
Եթե ընդգրկված չեք պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում, ապա չեք կարող օգտվել, իսկ առողջության առաջնային պահպանման ծառայությունները (տեղամասային պոլիկլինիկա, գյուղական բուժական ամբուլատորիա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար անվճար են: Ինչպես նաև զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել (հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում): (ՀՀ կառավարության 04.03.2004թ. N 318-Ն որոշման N1 հավելված 25 կետ:

Հարց
Որպես հաշմանդամություն ունեցող անձ ի՞նչ ծառայություններից կարող եմ օգտվել և ի՞նչ ժամկետներում։
Պատ.
Կարող եք առողջապահության ոլորտում օգտվել հետևյալ ծառայություններից՝ 1.օգտվել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային ու արտահիվանդանոցային ծառայություններից. 2.հաշմանդամության 1-ին և 2-րդ խմբի անձանց հիվանդության դեպքում դեղերը տրվում են անվճար, իսկ 3-րդ խմբի անձանց՝ 50 % զեղչով. Կրթության ոլորտում՝ 1.ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած հաշմանդամություն ունեցող անձը այլ հավասար պայմանների դեպքում օգտվում է պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու առաջնահերթ իրավունքից: Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցողներն ու «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձինք ընդունվում են պետական բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ անվճար` վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում. 2.1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողների համար սահմանվում է աշխատաժամերի կրճատված տևողություն` շաբաթական 36 ժամից ոչ ավելի. Ալյ ոլորտներում՝ 1.տեղաշարժման խնդիր ունեցող հաշմանդամություն ունեցող անձինք կամ նրանց խնամակալները կարող են օգտվել անվճար ավտոկայանատեղիներից. 2.հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում են հրատապ օգնություններ, 3. հաշմանդամություն ունեցողների համար սահմանվում են անապահովության բարձր միավորներ:

Հարց
Անվճար ծառայություններից օգտվելու ժամկետը լրանալուց հետո նորի՞ց պետք է դիմեմ փորձաքննության։
Պատ.
1.Այո, եթե հաշմանդամությունը սահմանվել է ժամկետով: 2.Եթե հաշմանդամությունը սահմանվել է անժամկետ, ապա հինգ տարի հետո պետք է դիմեք կրկնակի փորձաքննության՝ ՎԱԾ ստանալու նպատակով, իսկ առողջական վիճակի վատթարացման դեպքում ՎԱԾ-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար նաև մինչև հինգ տարին լրանալը: 3. Եթե հաշմանդամությունը սահմանվել է անժամկետ, կարող է դիմել վերափորձաքննության առողջական վիճակի վատթարացման դեպքում՝ հաշմանդամության խմբի փոփոխության դեպքում: